ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ատելության անատոմիա

Ատելության անատոմիա
18.02.2022 | 12:50


Սկիզբը՝ այստեղ

Կովկասյան գործերով խորհրդային կառավարության Արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանը «Կավկազսկի ռաբոչի» թերթի 1917 թվականի դեկտեմբերի 20-ի համարում տագնապ է հնչեցնում. «Ռուսական զորքերի անակնկալ ետքաշումը Թուրքահայաստանում ստեղծում է ծայր աստիճանի ծանր իրավիճակ: Մենք արդեն գիտենք այդ անիծյալ պատերազմում հայերի հարյուր հազարավոր զոհերի մասին… Իմանալով այդ դժբախտ երկրում առկա իրավիճակը, մենք պետք է համոզված լինենք, որ այնտեղ նոր դժոխք է ստեղծվում, որի պատճառով կհոսեն անմեղ բնակիչների արյան նոր գետեր: Մեր հեղափոխական բանակը չի կարող անտարբեր մնալ այդ մարդկանց ճակատագրի հանդեպ: Ռուսական զորքը Թուրքահայաստանում պահելն է այնտեղ վերադարձած մարդկանց անվտանգության միակ երաշխիքը»:


Ռուսական զորքերը Արևմտահայաստանում թողնելու խնդրի կարևորությունը բոլշևիկյան կառավարությանը համառորեն փորձում էր հասկացնել բանաստեղծ Վահան Տերյանը:
1917 թվականի նոյեմբերին նա ժողովրդական կոմիսարների խորհրդին է ներկայացնում Թուրքահայաստանի մասին մի զեկուցագիր, որի՝ ձեզ ներկայացվող հատվածներից դուք կարող եք համոզվել, թե ինչ լավատեսությամբ էր տոգորված բանաստեղծը իր այդ ձեռնարկի հանդեպ. «1914 թվականի հունվարի 26-ին ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրից հետո, որ հայկական վիլայեթներում չափազանց էական ռեֆորմ էր մտցնում, հայերը կարող էին հույս տածել, որ ավել կամ պակաս բարենպաստ պայմաններում այդ ռեֆորմի բնական հետևությունը կլիներ ինքնավար Հայաստանի ստեղծումը, և դա հայերին իսկական ազգային ինքնորոշման հնարավորություն կտար: 1914 թվականի մայիսին հայերը ձեռնամուխ եղան Հայաստանի կառուցմանը նոր հիմունքներով` համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև նույն թվի հունվարին կնքված պայմանագրի, բայց վերահաս պատերազմը վերջ դրեց ամեն ինչին: Թուրքիան, խառնվելով պատերազմին, անմիջապես վերացրեց Ռուսաստանի հետ կնքած համաձայնագիրը Հայաստանի վերաբերյալ: Վերացվեցին նաև այն բոլոր արտոնությունները, որոնցից վաղուց ի վեր օգտվում էին հայերը որպես կրոնական համայնք:


Ամբողջովին պանիսլամիզմի գաղափարով տոգորված երիտասարդ թուրքերի կառավարությունը, հայկական չարաբաստիկ հարցից մեկընդմիշտ ազատվելու պատրվակ որոնող Էնվերի ու Թալեաթի տիպի իմպերիալիստական երազողների գլխավորությամբ, օգտվեց համաշխարհային հրդեհից, որպեսզի ամենաարմատական ձևով լուծեր հայկական հարցը: Այդ կառավարությունը վճռեց հայերին ֆիզիկական բնաջնջման ենթարկել, որպեսզի դրանով իսկ մեկընդմիշտ վերջ տար Հայաստանի վերաբերյալ հարցին:
Սկսվեց մի կողմից Թուրքահայաստանի խաղաղ և անզեն հայ
բնակչության անողոք բնաջնջումը, և մյուս կողմից հայերի բռնի արտաքսումը Միջագետք, ըստ որում, արտաքսումը զուգակցվում էր ոչ միայն հայերի ամբողջ ունեցվածքի կողոպուտով, այլ շատ հաճախ արյունալի դատաստանով, այնպես որ, արտաքսվողների կեսից ավելին կործանվեց մարդասպանների ձեռքով՝ աքսորավայր չհասած:

Բնաջինջ արվող ու արտաքսվող հայերի այդ ամբողջ զանգվածից շատ քչերն ազատվեցին: Ամերիկյան միսիոներների վկայությամբ` Միջագետքի զանազան կետերում կենտրոնացած են մոտ կես միլիոն հայեր, որոնք հազիվ են քարշ տալիս իրենց խղճուկ գոյությունը;
Ռուսաստան կարողացել են փախչել միայն երեք հարյուր հազարից փոքր-ինչ ավելի հայեր, որոնք տեղաբաշխված են Անդրկովկասի զանազան կետերում, սպասելով, թե իրենց երբ հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց հարազատ օջախը և վերականգնել իրենց ավերված տնտեսությունը:
…Քանի դեռ Եվրոպայում իշխանությունը գտնվում է իմպերիալիստների ձեռքին, հայերը չեն կարող բարենպաստ վերաբերմունք հուսալ եվրոպական տերությունների կողմից: Հայտնի է, որ սոցիալիստ Կերենսկու գլխավորած կոալիցիոն կառավարությունը թեպետև խոսքով ընդունեց «Ազգերի ինքնորոշման իրավունքը», բայց հարկ չհամարեց որոշակիորեն ասելու իր մտադրությունը ինքնավար Հայաստան ստեղծելու և հայերին հարազատ օջախները վերադարձնելու մասին:


Եվ ահա հասել է վերջապես ժամանակը, երբ մենք կարող ենք հայ մասսաներին ասել` «աջակցեք Բանվորների և Գյուղացիների կառավարությանը և հաստատ հավատացեք, որ նա ձեզ չի խաբի, նա ձեզ կտա ազատություն, որը ապարդյուն ջանում էիք ստանալ մինչև այժմ, հանուն որի այնքան արյուն ու արցունք եք թափել… Ինքնին հասկանալի է, որ այժմ իշխանության գլուխ կանգնած մեր առաջնորդները – ժողովրդական կոմիսարները, աջակցած կլինեին մեզ, եթե հնարավոր գտնեին այժմ իսկ մի դեկրետ հրապարակել, որով հաստատվեր կառավարության հաստատ մտադրությունը` վճռականորեն պաշտպանել թուրքահայերի լիակատար ազգային ինքնորոշման ձգտումը… Շատ կարևոր է այժմ իսկ հայտարարել, որ ռուսական զորքերը դուրս չեն բերվի պատերազմի իրավունքով մեր կողմից գրավված Հայաստանի մասից, մինչև այնտեղ չստեղծվեն անձնական անվտանգության հաստատուն երաշխիքներ, և մինչև այնտեղ նոր կարգ չհաստատվի»:
Զեկուցագրի հետ Տերյանը ներկայացնում է նաև Արևմտահայաստանի մասին դեկրետի իր կազմած տարբերակը և այդ առիթով հանդիպում է Ստալինին:
Այս մասին ուշագրավ վկայություն կա բանաստեղծի արխիվում պահպանված մի նամակում, որը Տերյանը 1917-ի նոյեմբերի վերջին գրել է ընկերներից մեկին, ենթադրաբար՝ Պողոս Մակինցյանին: Ինչպես երևում է նամակից, առաջին իսկ հանդիպման ժամանակ Ստալինը անհանդուրժողաբար է վերաբերվել զորքերը տեղում թողնելու Տերյանի առաջարկին:
«Ստալինն ասաց` մենք իսկույն եևթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան, և հայերին հնար տրվի ինքնորոշվելու: Ես վիճեցի: Դա իմ զեկուցագիրը տալու ժամանակ ասաց: Բայց այսօր, երբ արդեն կարդացել էր զեկուցագիրս, ուրիշ կերպ էր խոսում: Լենինին ես բացատրեցի, և նա, իհարկե շատ լավ հասկացավ բանն ինչումն է: Տեսնենք ինչ է լինելու»:
Բանաստեղծի լավատեսությունը, սակայն, անհիմն էր: Դեկտեմբերի սկզբին` Թուրքահայաստանի անկախության մասին Ժողկոմխորհի դեկրետի ընդունումից օրեր առաջ, Տերյանը խոր հիասթափությամբ գրում է, որ «չնայած Լենինը համաձայնվեց բավարարել զորքերը չհանելու հայերի խնդրանքը, բայց և այնպես Ստալինը կատեգորիկ այն մերժեց»:
Ստալինի կողմից Հայաստանի հաշվին քեմալականներին կատարած բացահայտ զիջումները առաջացնում են Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինի տարակուսանքն ու դժգոհությունը, սակայն վերջինիս բողոքները արժանանում են Լենինի քար լռությանը:
Անդրկովկասում Ստալինի հանձնակատարների խայտառակ պահվածքը խարխլեց հայերի դիրքերը, հակահայ տրամադրություններն այնքան ակնբախ էին, որ Ղարաբաղում և Զանգեզուրում գտնվող 11-րդ բանակի սպայական կազմը այդ տարածքներում բացարձակապես անտեսում էր հայկական զորքերի ու նրանց հրամանատար Դրոյի ներկայությունը: Վերջինիս բողոքին ի պատասխան Ռոստովում գտնվող կարմիր բանակի հրամանատար Վասիլենկոն սպառնաց, որ «կհարձակվի Երևանի վրա և կոչնչացնի Արարատյան հանրապետությունը»: Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանը բողոքեց այդ հայտարարության դեմ, բայց վերջինիս նման մտածողները այդ օրերի Ռուսաստանում քիչ էին:


Ի լրումն այդ ամենի, ազատագրական պայքարի դաժան բովով անցած հայկական բանակը լուծարվեց, և խորհրդային կարգերի նկատմամբ համակրանք տածող հայ սպայակույտը աքսորվեց Հայաստանից:

Նման մտայնությամբ կարելի է բացատրել և 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրի նկատմամբ Խորհրդային Ռուսաստանի խիստ բացասական վերաբերմունքը:
Սևրից չորս օր հետո, օգոստոսի 14-ին ՌԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ Լենինը Կրեմլում ընդունեց թուրքական պատվիրակությանը, որը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Սամի բեյը` 1915-ին Տրապիզոնի նահանգապետը, որն անձամբ էր ղեկավարել հայերի բռնագաղթն ու ոչնչացումը: Նրա հրամանով ծնողներից խլված մանկահասակ երեխաներին կազմակերպված տանում էին ծով և այնտեղ ջրախեղդ անում:
Լենինը թուրքերին խոստացավ ամեն տեսակ օգնություն` «դժբախտ Թուրքիային համաշխարհային կապիտալի ստրուկի վերածող Սևրի անիրավահավասար, կողոպտչական պայմանագրի» տապալման գործում:


Տասն օր հետո, օգոստոսի 24-ին, Մոսկվայում քեմալականների և ՌԽՖՍՀ-ի միջև նախնական համաձայնագիր ստորագրվեց բարեկամության մասին, ըստ որի, սկսվեցին ռուսական զենքի հապճեպ մատակարարումները Թուրքիային:
Եվս մեկ շաբաթ, և սեպտեմբերի 1-ին Բաքվում Կրեմլի նախաձեռնությամբ հրավիրված Արևելքի ժողովուրդների համագումարում, ի շարս այլ որոշումների, միահամուռ որոշում կայացվեց նաև համաշխարհային հեղափոխության հաղթանակի ճանապարհին վերացնել «Անտանտի վարձկան Հայաստանի Հանրապետությունը»: Համագումարի ընթացքը և մասնակիցների կազմը նախապես էին որոշված Իոսիֆ Վիսարիոնովիչի կազմած սցենարով: Նախագահողներն էին Ստալինի հանձնակատարներ հրեա Գրիգորի Զինովեևը և ադրբեջանցի Նարիման Նարիմանովը: Ռուսաստանի մյուս պատվիրակը ևս հրեա էր` Կարլ Ռադեկը, որը Թալեաթի մտերիմ ընկերներից էր և ամեն կերպ արդարացնում էր հայերի ցեղասպանությունը: Ի դեպ, խորհրդային կառավարության հրավերով Բաքու էր ժամանել նաև Թալեաթի մերձավոր զինակից Էնվեր փաշան, որը ևս հուզառատ հեղափոխական ճառով կոչ արեց ոչնչացնել իմպերիալիզմի դրածո Հայաստանը:
Սովետների երկրի, այսպես կոչված, «արևելյան դիվանագիտության» ճարտարապետ ԻոսիՖ Ստալինի և նրա հանձնակատարներ Օրջոնիկիձեի, Նարիմանովի, Մդիվանու և այլոց ջանքերով ցեղասպանության դաժան արհավիրքն ապրած հայերի և այն իրագործած թուրքերի հավաքական կերպարների փոխատեղում է կատարվում: Զոհի և դահճի փոխատեղման հետևանքով ստեղծվեցին ագրեսոր հայի և ճշմարտություն փնտրող, տառապած թուրքի կերպարները: Խորհրդային պատմաբան ոմն Գուրկո Կրյաժին, օրինակ, 1923 թվականին Մոսկվայում հրատարակված «Թուրքիայում հեղափոխության պատմությունը» գրքում կարող էր հանգիստ գրել. «Սևրի հաշտության պայմանագիրը, որպես ծանր մղձավանջ, ճնշում էր պայքարող ու տառապող Թուրքիային, քանի դեռ Մուստաֆա Քեմալը ծվեն-ծվեն չարեց այն»:


Բոլշևիկա-քեմալական բարեկամությունը բացատրվում էր նաև նրանով, որ Մուստաֆա Քեմալը Մոսկվայի իր գործակալների միջոցով Լենինի շուրջը համախմբված սիոնիստ համայնավարներին հասկանալ էր տվել, որ հաղթանակի դեպքում թուրքական կառավարությունը Պաղեստինում հրեաների համար ազգային օջախ կստեղծի: Հայերի բնաջնջման դիմաց հրեական պետություն ստեղծելու փոխհատուցման խնդիրը ոգևորում էր և՛ Պարվուսին, և՛ Տրոցկուն, և՛ Ռադեկին:


Պատմությունը երբեմն կարող է ֆարսի վերածվել: Մոսկվայից 70 տարի շարունակ Կովկաս հասած պատմաշինարարական կաշկանդիչ հրահանգները կամայականորեն այնպես էին «քանդում-հավաքում» տարածաշրջանային պատմությունը, որ այսօր դրանցից ձերբազատվել փորձող մասնագետներին դժվար է որոմը ցորենից զատելը: Այնուամենայնիվ մի բան հստակ է: Ամբողջ կյանքում Ստալինը սադիստի բավականությամբ ճնշեց իր շրջապատի հայերին:

Հիշում է գեներալ-գնդապետ, ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը. «1952 թվականին՝ սովետական բանակի օրը, Ստալինն իր ամառանոցում, բանակի մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, բաժակը ձեռքին մոտեցավ ինձ և ասաց. «Ընկեր Ալիխանով, հիմա հայերն էլ մարշալ կունենան: Բայց գեներալիսիմուս դուք չեք ունենա: Փոխարենը դուք իսկական ծովակալ ունեք` Իսակովը: Կեցցե, ոտք չունի, բայց գլուխ ունի»: Նա չխկացրեց բաժակիս, կում արեց ու անցավ առաջ: Սակայն առաջնորդն իր խոսքի տերը չեղավ, պարզապես խաբեց: Չնայած Հովհաննես Իսակովի հսկայական ծառայություններին Հայրենական մեծ պատերազմում` Ստալինն այդպես էլ նրան Սովետական Միության նավատորմի ծովակալի կոչում չշնորհեց: Այդ, ինչպես և Սովետական Միության հերոսի կոչումը Իսակովին շնորհվեց առաջնորդի մահից երեք տարի անց: Նա փառապանծ Հովհաննես Բաղրամյանին ևս բարձրագույն զինվորական աստիճան` Խորհրդային Միության մարշալի կոչում չշնորհեց: Դա արեց Նիկիտա Խրուշչովը՝ 1955 թվականին:
Ճիշտ է, հայերին զինվորական բարձրագույն կոչում չշնորհելու Ստալինի վճռականությունը մի անգամ խախտվեց:


1945 թվականի վերջին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի մի քանի բնակիչ դիմել էին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պարետատուն` իրենց հայրենակից մարշալ Խուդյակովի հետ հանդիպելու խնդրանքով: Միամիտ գյուղացիները համոզում էին հերթապահ սպային, որ Խուդյակովը իրենց համագյուղացի Արմենակ Խանփերյանցն է: Հերթապահը այդ մասին տեղյակ պահեց իր ղեկավարությանը:
Նորությունն անհավանական, կայծակնային արագությամբ հասավ վերևներ: Մարշալն անմիջապես նետվեց ներքին գործերի ժողկոմի տանջարան, որտեղ մնաց չորսուկես տարի՝ մշտապես ենթարկվելով խոշտանգումների: 1950 թվականի ապրիլին մարշալ Խուդյակով-Խանփերյանցը գնդակահարցվեց: Զարմանալի չէ, քանի որ Ստալինը մարշալի կոչում էր տվել ռուսի, ոչ թե հայի և իր իսկ սխալի հարուցած զայրույթը պարպեց տարաբախտ մարշալի վրա:
Ընդհանրապես վրացիների հայամերժության մեջ միստիկ մի բան կա: Բայց միգուցե դրա բացատրությունը ավելի պարզ է, քան իրականում թվում է: Միգուցե դա հայելային անդրադարձն է իրենց հանդեպ մեր իսկ ունեցած վերաբերմունքի: Ինչ որ ցանես, այն կհնձես: Համենայն դեպս, Հայաստանում 30-ականների քաղաքական բռնությունների զոհերի գործերին ծանոթանալիս առաջին մեղադրանքը, որ ընդհանրական է գրեթե բոլորին, վրացիների հանդեպ տածած հակակրանքն է:
Հիշեցի արխիվային գործերից ինձ ծանոթ երևանյան հանրահայտ «Տուրիստ» սրճարանում Ներսիկ Ստեփանյանի արած տխուր մի կատակը. «Վրացի փոքրիկ ժողովուրդը բոլշևիկների կայսրությունում դարձել է նույնը, ինչ մոնղոլները՝ Ոսկե Հորդայում»: Այս սրճարանի գրեթե բոլոր այցելուներին 1936-1938 թվականներին գնդակահարեցին նացիոնալիզմի համար:
Երբ միտքս բարձրաձայնեցի, այդ շրջանի պատմությանը քաջատեղյակ զրուցակիցս առաջին պահ շատ պարզունակ թվացող հարց տվեց.
-Իսկ հայերին չսիրելու համար որևէ վրացու երբևէ դատե՞լ են:
Հարցն անպատասխան թողեցի: Փորձում էի կենտրոնանալ և, հիշողությունս պեղելով, որևէ նման դեպք հիշել: Չկար:


…Տագնապոտ չարչարանքով հիշողությունս կարծես փորձում էր դուրս վանել մեր հարևանի արած չափից դուրս վիրավորական մի արտահայտություն, որը քերում էր միտքս, ինչպես կակղամորթի մեջ ընկած ավազահատիկ: Կարծես հաջողվեց, այո` «իմ երկրում հայ սպանելը մեղք չի համարվում»: Բայց վրացին չէր ասողը: Ասողը Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած մարդանմանի` Ռամիլի
ինքնավստահ պաշտպանն էր՝ Ստալին-Բերիա-Նարիմանով-Բագիրով դավադիր ոհմակի կենսունակ մերօրյա վերապրուկը:
Նախորդ դարի կեսերին Իոսիֆ Վիսարիոնովիչի անմիջական հովանավորությամբ վրաց ակադեմիկոս Ջանաշիան հեղինակեց մի զեղծարարություն, որը դպրոցական նստարանից հալած յուղի տեղ ընդունեց խորհրդային մի քանի սերունդ: «Հայ, վրացի և ադրբեջանցի ժողովուրդներն են ուրարտական մեծ մշակույթի ժառանգորդները». հայտնաբերել էր վրաց գիտնականը ու իր մտքի «գոհարը» զետեղել բարձր դասարանների համար նախատեսված դասագրքերում:


Ընդհանրապես, 40-ական թվականները աչքի ընկան մեր հարևանների կողմից Հայաստանի պատմության կամայական վերաձևումներով: Այն պայմաններում, երբ Վրաստանի մասին հայը միայն ներբողներ գրելու իրավունք ուներ, վրաց պատմագրությունն ու գեղարվեստական գրականությունը հեղեղվեցին մեր ազգային արժանապատվությունը խոցող, հակագիտական «գոհարներով»: Դրանք անմիջապես արժանանում էին Ժողովուրդների Հոր խանդավառ վերաբերմունքին և թարգմանվում ռուսերեն: Այդ տարիներին էր, որ Բագրատիոնների տոհմածառը լիովին վրացիացավ, հայ Բագրատունիները հանկարծ դարձան վրացի, նրանց երբեմնի զբաղեցրած հողերն էլ` պատմական Վրաստանի անվիճելի տարածքներ:
Վրաց և հայոց պատմության մեծ գիտակի կոչմանը հավակնող Ստալինը ինքն էր այդ բնագավառի յուրաքանչյուր նորության հրատարակման իրավունքը տալիս: Հաճախ էլ ինքն էր խմբագրում:


Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից, պրոֆեսոր Բորիս Իլիզարովը 2003 թվականին մոսկովյան «Վեչե» հրատարակչությամբ լույս ընծայած իր «Ստալինի գաղտնի կյանքը: Նրա գրադարանի և արխիվի նյութերի հիման վրա» գրքում մի հետաքրքիր պատմություն է անում. «1944 թվականին, վրացական պատմաշինարարության ամենաեռուն շրջանում, երբ ակադեմիկոս Ջանաշիայի մտավարժանքները գիտական անվիճելի ձեռքբերումներ էին համարվում, Երևանում լույս տեսավ ականավոր գիտնական Հովսեփ Օրբելու սան, պետական Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկու «ՈՒրարտուի պատմությունն ու մշակույթը» մենագրությունը: Երևանում նման գիրք հրատարակելն արդեն անթույլատրելի խիզախություն էր, էլ չենք խոսում այն մասին, որ հեղինակը Վանի թագավորության պատմությունը որևէ կերպ Վրաստանի և վրացիների հետ չէր կապում:


Մինչ այդ վրաց պատմաբան Ամիրանաշվիլին անզգուշություն էր ունեցել իր «Վրաց արվեստի պատմությունը» գրքում նկատել, որ ՈՒրարտուն կարծես թե Վրաստանի պատմության հետ անմիջական առնչություն չունի: Կոբան դրանից փրփրել էր: Պատանեկան տարիներից նա գիտեր հայերեն, գրում և կարդում էր այդ լեզվով ու այդ պատճառով էլ իրեն համարում էր հայագիտության մասնագետ:
Մեծ Հայրենականի վճռական բեկման տարին էր, և Ստալինի ոխակալ զայրույթը, այնուամենայնիվ, լիցքաթափման առավել հրատապ բնագավառում էր ցուցաբերվում` ռազմաճակատում: Պիոտրովսկու կյանքը մազից էր կախված, բայց հանգամանքները նրա օգտին էին դասավորվել, և Ստալինը կարծես մոռացավ նրա մասին: Բայց երբ 1950 թվականին Պիոտրովսկին հրատարակեց «ՈՒրարտու» հոդվածը, Ստալինն այն դրեց իր առջև և միանգամից վերածվեց հանցանշաններ փնտրող խուզարկուի:
Գիտնականի տողերում նա հույս ուներ գտնել այն աններելի սխալը, որը հեղինակի համար մահապատժի դատավճիռ կդառնար:


Ահա Պիոտրովսկին գրում է Վան քաղաքին մերձակա Զըմզըմ- Դաղ լեռան վրա գտնվող հանրահայտ Մհերի դռան մասին, հիշատակելով որ նրա վերհուշը «Հազար ու մի գիշերներ» հեքիաթաշարի միջոցով անցել է Եվրոպա` Սիմսիմ կամ Սեզամ ձևերով: Ստալինը կապույտ մատիտով տողանշում է այդ միտքը և լուսանցքում հեգնանքով ավելացնում` «հա’, հա’, հա’, ծիծաղելի է»:
«Մհերի դուռ»՝ այդպես է դրա հայերեն թարգմանությունը,-գրում է Պիոտրովսկին և ավելացնում:-Մհերը մեկն էր սասունցի հսկաների չորս սերնդի մասին պատմող հայկական հին վիպերգի հերոսներից»: Ստալինը երկու ջղային գիծ է քաշում հայկական բառի տակ՝ սլաքով լուսանցքում հարցական նշան տեղադրելով: Դա նշանակում է, որ «Սասունցի Դավիթ» էպոսի հայկական պատկանելիությունը առաջնորդի համար խիստ կասկածելի է: Իսկ դուռ բառից սկիզբ առնող մեկ այլ սլաքի ծայրին նա ավելացնում է` «դա թուրքերեն է»:
Սեպագրերի մասին Պիոտրովսկու յուրաքանչնյուր հիշատակումից հետո Ստալինի զայրույթն ավելանում է: «Ի՞նչ լեզվով», «Ո՞ր լեզվի մասին է խոսքը», «Լեզուն»՝ շուրջ քսան անգամ կատաղած խզբզում է նա հոդվածի համապատասխան պարբերության լուսանցքում: Իսկ երբ Պիոտրովսկին գրում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և Պետական էրմիտաժի` Կարմիր Բլուրում համատեղ կատարած պեղումների մասին, Ստալինը կարծես զայրույթից շնչասպառ է լինում: «Ի՞նչ կապ կարող է լինել այդ երկուսի միջև»՝ հատ -հատ գրում է նա և թվում է` ահա վերջապես Պիոտրովսկու վերջը հասավ: Բայց անվանի հնագետը, կարծես նախապես իմանալով, որ հոդվածը Ստալինի աչառու մաղով պիտի անցնի (իսկ նա վստահաբար գիտեր առաջնորդի հայատյացության և վրացամեծարության մասին), հոդվածի ամենավերջին պարբերությունում իմաստնաբար ինքն իրեն կեղծում է. «Առաջավոր Ասիայի այդ խոշոր պետության՝ ՈՒրարտուի քայքայման ժամանակ նրա կազմի մեջ մտնող փոքր երկրները միավորվելով, ուրարտական մշակույթի հիմքի վրա ծնունդ տվեցին այժմյան Անդրկովկասի երկու ժողովուրդների` հայերին և վրացիներին»:


Ստալինը, անսպասելի վերջաբանից ոգևորված, բացականչական մի քանի նշանով արտահայտում է իր գոհունակությունը և թանձր ընդգծում «վրացիներ» էթնոնիմի տակ:
Վտանգն անցած էր…»:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 11029

Մեկնաբանություններ